Հայկական պատվիրակությունը մասնակցեց Մահարանա Պրատապի տարեկան աշխարհաքաղաքական համաժողովին

3 ր.   |  2025-02-17

Փ ետրվարի 14-15-ը Հնդկաստանի Ջայփուր քաղաքում տեղի ունեցավ «Մահարանա Պրատապի տարեկան աշխարհաքաղաքական համաժողովը», որը կազմակերպել էր «Ուսանաս հիմնադրամը»:

Ամենամյա այս համաժողովը կարևոր հարթակ է, որտեղ տարբեր երկրներից ժամանած փորձագետները քննարկում են ժամանակակից աշխարհաքաղաքականության հրատապ հարցերը, ներկայացնում իրենց երկրների դիրքորոշումներն անվտանգության, ենթակառուցվածքների, տնտեսական համագործակցության և խաղաղության հաստատման վերաբերյալ:



Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները, ովքեր արժեքավոր դիտարկումներ արեցին Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջանների ենթակառուցվածքների զարգացման և կայունության հաստատման քննարկումներում:
Միջոցառմանը մասնակցում էին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը և «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը:



Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանային գործընթացներում և համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ շեշտադրելով, որ Հայաստանը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ խաղաղության և տարածաշրջանային կայունության գործում: Նա նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը այն հնարավորությունն է, որը կարող է խթանել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ նպաստելով տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու կայունությանը:
ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանն, իր հերթին, անդրադարձավ տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցերին՝ կարևորելով դրանց ներդրման ազդեցությունը խաղաղության գործում։ Նա ընդգծեց, որ ենթակառուցվածքների զարգացումը համատեղ աշխատանքի և հանրային-մասնավոր հատվածի համագործակցության միջոցով կարող է դառնալ ուղենիշ՝ դեպի նոր համագործակցային մոդելներ և ռազմավարություններ, որոնք կնպաստեն Անդրկովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանը։



ՀԿՏԿ տնօրենը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, պարզաբանեց ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները, տնտեսական արդյունավետությունը և դրանց կարևորությունը ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք միջազգային ուղիների համար: Նա նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ապահովել ներդրումներ ենթակառուցվածքների ոլորտում՝ ստեղծելով պայմաններ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև սերտ համագործակցության համար։

Քննարկումների շրջանակում խոսվեց նաև փորձագիտական մտքի զարգացման կարևորության մասին։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանն անդրադարձավ այն հիմնական խնդիրներին, որոնց այսօր բախվում են վերլուծական կենտրոնները: Նա նաև նշեց, որ փորձագիտական կենտրոնները, որպես վերլուծական ու հետազոտական հարթակներ, խիստ կարևոր դերակատարություն ունեն ոչ միայն պետական քաղաքականության ձևավորման, այլև հանրային մասնագիտական քննարկումների ծավալման համար։ Այս առումով կարևորվեց վերլուծական կենտրոնների համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Սա կարող է կարևոր քայլ լինել, որը հնարավորություն կտա արտերկրի փորձագետներին իրականացնել համատեղ ծրագրեր և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արդյունավետ լուծումներ փնտրել։

Միջոցառմանը Հայաստանից մասնակցում էր նաև «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը, ով իր ելույթներում անդրադարձավ ահաբեկչության խնդիրներին և մեր տարածաշրջանի աշխարհատնտեսական դերակատարությանը: Նա ներկայացրեց Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի համատեքստում Հայաստանի հնարավոր դերակատարությունը՝ Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի միջոցով Եվրոպային կապելու հարցում։ Նա նշեց, որ Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում Եվրոպայի հետ բեռնափոխադրումների այլընտրանքային երթուղիներ ստեղծելու ուղղությամբ և Հայաստանն ունի հնարավորություններ մասնակցելու այդ գործընթացներին:

Համաժողովը ցույց տվեց, թե որքան կարևոր են տարածաշրջանային համագործակցությունն ու մասնագիտական քննարկումների միջազգային հարթակներում աշխատանքը: